• Հայերեն
  • Español
Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Տնտեսություն
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Խաղաղության խաչմերուկ

Դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի հարցազրույցը Իսպանիայի ազգային ռադիոյին

18 հուլիսի, 2020

Հարց- Անցած կիրակի հայ-ադրբեջանական սահմանին գրանցվեցին նոր բախումներ, որոնք սկսելու համար Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին, որի զինվորները փորձել էին հատել սահմանագիծը: Ադրբեջանն էլ, ընդհակառակը, մեղադրում է Հայաստանին ադրբեջանական Թովուզի շրջանում դիրքեր գրավելու փորձի մեջ: Որո՞նք են Հայաստանի կառավարության մեկնաբանությունները այս նոր բախումների առնչությամբ, որոնք ամենածանրն էին 2016թ. ի վեր:

Պատասխան- Հուլիսի 12-ից մինչ օրս Ադրբեջանը խախտում է 1994թ. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ստորագրված հրադադարի ռեժիմը: Ռազմական գործողությունները սկսվել են ադրբեջանական բանակի՝ Տավուշի մարզի կողմից հայկական տարածք ներթափանցման փորձով, որտեղ նրանք գրոհել են Մովսես, Բերդ, Չինարի, Այգեպար և այլ գյուղերում մեր դիրքերի վրա:

Ռազմական մեքենայով Տավուշում պետական սահմանը հատելու անհաջող փորձից հետո, որը հայկական բանակը կարողացել է կասեցնել, ադրբեջանական զինված ուժերը անցել են հրետանու կիրառման:

Հայկական տարածք ներխուժելու երկրորդ փորձից և կրկին հայկական զինված ուժերի կողմից հետ շպրտվելուց հետո, ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ: Համաձայն ՀՀ Պաշտպանության նախարարության հաղորդած տեղեկատվության, չնայած այդ բնակավայրին հասցված նյութական վնասներին, բարեբախտաբար, զոհեր չեն եղել: 2-3 ժամ կարճատև դադարից հետո Ադրբեջանը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ ռմբակոծելով հայկական դիրքերը:

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ռազմական գործողությունները: Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների մասին ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ:

Ռազմական գործողությունները թեժացան ավելի ուշ: Ադրբեջանի զինված ուժերը 82 մմ տրամաչափի ականանետից յոթ արկ, 120 մմ տրամաչափի ականանետից 3 արկ արձակեցին Չինարի և Բերդ գյուղերի ուղղությամբ: Գիշերը նկատվեց ադրբեջանական տանկերի տեղաշարժ, որը հայկական զինված ուժերը կարողացան կասեցնել:

Բախումներից և մի քանի ժամ տևած կարճատև հրադադարից օրեր անց՝ հուլիսի 16-ին, ադրբեջանական բանակը կրկին հարձակվեց Հայաստանի վրա։ Հրետակոծվեց Չինարին, որտեղ ավերվեց հրուշակեղենի խանութը, Այգեպարը, որտեղ հրետանային կրակից վնասվեց մանկապարտեզը, և Մովսեսը: Հայաստանը տեղեկացրել է, որ զոհեր չեն եղել և, ի պատասխան, հայկական ուժերը խոցել են ադրբեջանական տանկ և հրետանային մարտկոցներ: Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ նրան դարձնելով թիրախ:

Հարց-1994թ. հակամարտության ավարտից ի վեր ԵԱՀԿ-ը փորձել է միջնորդական դերակատարություն ունենալ երկու կողմերի միջև:Ադրբեջանն ասում է, որ խնդրի լուծմանը հնարավոր է հասնել միայն գրավված տարածքների ազատագրմամբ: Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը այս կապակցությամբ և ի՞նչ է Հայաստանը կարծում Ադրբեջանի պայմանների վերաբերյալ: Հայաստանը կողմնակի՞ց է միջազգային միջնորդությանը, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանը և բանակցություններում անջատողական տարածքի ներկայացուցիչների մասնակցությանը:

Պատասխան-Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է իր ինքնորոշման անքակտելի իրավունքի համար, մի իրավունքի, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությունում և միջազգային իրավունքի այլ հիմնարար փաստաթղթերում:

Արցախի ժողովուրդն ապացուցել է իր գոյության իրավունքը դարերի համառ պայքարի միջոցով: Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել: «Ադրբեջան» կոչվող նոր տարածքային կազմավորումը հայտնվել է Կովկասի քաղաքական քարտեզի վրա միայն Ռուսական կայսրության անկումից հետո՝ 1918թ.: Ուստի պնդումները, թե Ղարաբաղը պատկանել է Ադրբեջանին մինչև 1918թ., բացարձակ տեղին չեն, քանի որ մինչ այդ նման պետություն գոյություն չի ունեցել: Իսկ ԽՍՀՄ փլուզման արդյունքում Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքում ստեղծվել են երկու քաղաքական միավոր՝ Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Պետություն ձևավորվելու իր երկրորդ փորձի ժամանակ Ադրբեջանը կրկին ագրեսիա իրականացրեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ ռմբակոծելով խաղաղ բնակավայրերը՝ սպանելով և արտաքսելով հայերին: ԼՂ հակամարտության կարգավորման համար բանակցություններն ընթանում են  ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որը միջազգային մանդատով օժտված միակ մարմինն է հանդիսանում: Ցավոք սրտի, մինչ այսօր Ադրբեջանը մերժում է հակամարտության կարգավորման և վստահության մեխանիզմների վերաբերյալ ցանկացած առաջարկ:

Լարվածություն ստեղծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում՝ Ադրբեջանը ոչ միայն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունում, Հելսինկիի եզրափակիչ ակտում և միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում ամրագրված՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման պայմանավորվածությունները, այլև հրադադարի եռակողմ համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները՝ անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների բազմաթիվ կոչերը:

 Օգտվելով առիթից՝ կցանկանայի վերահաստատել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու Հայաստանի հանձնառությունը: Եվ շատ կարևոր է որ բանակցություններին մասնակցեն նաև իր միջազգային ճանաչման համար պայքարող Արցախի Հանրապետության՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունները:

Հարց-Միջազգային հանրությունն իր մտահոգությունն է հայտնել բռնության աճի կապակցությամբ: Ռուսաստանը հակամարտող երկու կողմերին խաղաղության կոչ է արել, իսկ Թուրքիան իր անվերապահ աջակցությունն է հայտնել Ադրբեջանին: Ի՞նչ լուծում եք տեսնում այս իրավիճակում՝ տարածաշրջանային կոնֆլիկտից խուսափելու համար: Ռուսաստանն առաջարկում է իր միջնորդությունը, սակայն Ադրբեջանը կընդունի՞ այն:

Պատասխան-Հայ-ադրբեջանական սահմանին բռնության աճը մտահոգում է տարածաշրջանի բոլոր երկրներին, որոնք վտանգ են տեսնում տարածաշրջանային կայունության համար:

ՀՀ արտաքին գործերի նախարարը, ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի հետ համակարգմամբ, մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ՝ ներկայացնելով իրադրությունը տեղում և դրա հետագա սրման վտանգները:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը  մշտական խորհրդի հատուկ նիստ էր հրավիրել այս կապակցությամբ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անընդունելի է համարում հետագա սրացումը, որը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը:

Վերջին ժամանակներս ադրբեջանական կողմը, չնայած Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ կոչերին՝ խուսափելու սադրիչ գործողություններից և զերծ մնալու ագրեսիվ հռետորաբանությոինց, նպաստելու հրադադարի ամրապնդմանը, շարունակում է ուժի կիրառման սպառնալիքները և սպառազինությունների մրցավազքը: Հիմա էլ Ադրբեջանը սպառնում է Հայաստանին միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմակայանի հրթիռակոծությամբ: Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո խոսնակը հայտարարել է, որ «հայկական կողմը չպետք է մոռանա, որ ադրբեջանական բանակի սպառազինության մեջ գտնվող ամենաժամանակակից հրթիռային համակարգերը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ատոմակայանին, ինչը մեծ աղետի կհանգեցնի Հայաստանի համար»:

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ներկայիս իրավիճակում Հայաստանը երբեք չի հայտարարել, որ կհարվածի քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ ներառյալ Մինգեչաուրի ջրամբարը: Բացի այդ, հայկական բանակը երբեք չի թիրախավորել քաղաքացիական օբյեկտները:

Առաջին անգամը չէ, երբ Ադրբեջանը նման ահաբեկչական հայտարարություն է անում: 2018թ. Ադրբեջանի Պաշտպանության նախարարը այնպիսի սպառնալի հայտարարություն արեց՝ ասելով, որ ադրբեջանական բանակի սպառազինություններում կան կործանարար ուժ ունեցող զինամթերքներ, որոնք կարճ ժամանակահատվածում կարող են ոչնչացնել հայկական կարևորագույն ռազմական օբյեկտները և ռազմավարական կապի միջոցները:

1987թ. ահաբեկչության հարցերով Ժնևյան կոնֆերանսում ընդունվեց Ժնևի հռչակագիրը, որն ամրագրում է, որ պետական ահաբեկչություն է համարվում մի պետության ռազմական ուժերի զինված հարձակումն այն օբյեկտների վրա, որոնք վտանգի տակ են դնում այլ պետությունում ապրող քաղաքացիական բնակչությանը:

Այս սպառնալիքների շրջանակներում իրականացված բոլոր սադրիչ գործողությունների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունն իր երկրի լիակատար աջակցությունն է հայտնել Ադրբեջանին և արդարացրել է Բաքվի կողմից ուժի կիրառումը հայ-ադրբեջանական սահմանին:

Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ: Այս իրողությունն առավել քան անհնար է դարձնում միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ շրջանակներում Թուրքիայի որևէ դերակատարում, որն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը:

Թուրքիայի ձգտումը՝ միջամտելու իր հարևան տարածաշրջաններում առկա հակամարտություններին, արդեն իսկ հանգեցրել է այդ տարածաշրջաններում անվտանգության խաթարմանը և անկայունության տարածմանը:

Հայաստանի կառավարությունը խստորեն դատապարտում է մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը և հաստատում, որ ՀՀ-ն շարունակելու է հետևողականորեն հանդես գալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման դիրքերից՝ այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների հետ:

Հարկ է նշել, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումներն արդեն դատապարտել են տարբեր քաղաքական և հասարակական գործիչներ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ կոնգրեսականներ, Կիպրոսի արտաքին գործերի նախարարը, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Ուրուգվայի, Արգենտինայի և այլ երկրների խորհրդարանականներ:

https://www.rtve.es/m/alacarta/audios/cinco-continentes/tensiones-armenia-azerbaiyan-karabaj/5627327/?media=rne&modl=COMTS&fbclid=IwAR2R0cIzJ235Tpn1A-4qFOjWHpSgECsYcDviddNvYL18-LXAjtom3Tq6Vx8

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Calle Mayor 81, C.P. 28013, Madrid, Spain
Tel: (34) 915 422627

Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: